Հայաստանը զրկվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) ձայնի իրավունքից։ «Քանի որ Հայաստանը մի քանի տարի շարունակ չի կատարել իր պարտավորությունները, կազմակերպության կանոնադրության համաձայն՝ առաջարկվել և որոշվել է Հայաստանին զրկել ձայնի, ինչպես նաև ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններում իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից»,- հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Էն ժամանակ մեզ ոչ ոք չէր ասում, որ տրոլեյբուսում տալոն դակելը սովետական մարդու սրբազան պարտականությունն ա

Էն ժամանակ մեզ ոչ ոք չէր ասում, որ տրոլեյբուսում տալոն դակելը սովետական մարդու սրբազան պարտականությունն ա
12.11.2026 | 15:30

Իմ կարծիքով՝ վերահսկող ու հասարակական կարգը պահպանող պաշտոնյաները պիտի հատուկ հրահանգավորում անցնեն անչափահասների հետ վարվելու հարցում ու կոնկրետ գրված կանոնների հետևեն։ Պետական պաշտոնյայի վերաբերյալ ասել՝ բարի ա կամ չար, լավն ա կամ վատը, բոլորովին տեղին չի։ Նա իր տանը չի, այլ իր պաշտոնական պարտականություններն ա կատարում։

Կոնկրետ՝ էս դեպքի վերաբերյալ, ես լրիվ անընդունելի եմ համարում, որ հսկիչը կարող ա երեխային որևէ պատճառով ավտոբուսից իջացնել։ Դա պարզապես վտանգավոր ա։ Ավելին՝ ծնողի հետ խոսալուց հետո, մնացած բոլոր հարցերը հենց ծնողի հետ են լուծվում, քանի որ ծնողն ա երեխայի երաշխավորը։ Դրանից հետո երեխայի նկատմամբ ձեռք առնված ցանկացած գործողություն պիտի անօրինական համարվի ու պատժվի։

Ութերորդ դասարանում ինձ էլ են տուգանել։ Դե, էն ժամանակ մեզ ոչ ոք չէր ասում, որ տրոլեյբուսում տալոն դակելը սովետական մարդու սրբազան պարտականությունն ա, պարզապես գիտեինք, որ տուգանում են։ Իսկ, ա՛յ, կրակների միջից մարդ փրկել կամ պարտիզանական ջոկատում ֆաշիստներին թունավոր սունկ հյուրասիրել, դա մենք միշտ պատրաստ էինք անել։ Դե, ես էլ, պատահում էր, որ անտոմս էի երթևեկում, իսկ մի անգամ տրոլեյբուսից իջա ու միանգամից հայտնվեցի ուղիղ հսկիչի գրկում։ Մի կոշտուկոպիտ կին էր՝ տղամարդու բաճկոնով։ Ասում ա.

- Տալոնդ ու՞ր ա։

Ասում եմ.

- Չունեմ։

- Դե տուգա՛նք վճարի։

Կարծեմ մի ռուբլի էր, բայց մոտս չկար։ Ասում եմ.

- Չունեմ, գնամ տնից բերեմ։

- Չէ՛, վճարի։

Ու դեմս անշարժ կանգնած ա։ Ի՞նչ անեմ, չունեմ, ո՞նց վճարեմ։ Գրպաններս փորփրեցի, պարզվեց, որ կոմսոմոլի գրքույկը մոտս ա։ Տվեցի իրան, ասում եմ.

- Սա վերցրեք, ես գնամ տուն, փողը բերեմ։

Վերցրեց։ Վազեցի տուն, փողը վերցրի ու հետ վազեցի։ Տեսնեմ՝ չկա։ Աջուձախ հարցնում եմ, ասում են՝ գնացել ա։ Մի ժամի չափ սպասեցի, տենց էլ չերևաց։

Մյուս օրը զանգեցին ու հրավիրեցին տրոլեյբուսի պարկ՝ ծնողի հետ։ Գնացինք։ Պարկի տնօրենը մի ամոթանք ա տալիս՝ ո՞նց կարելի ա կոմերիտական գրքույկը գետնին գցել ու փախնել։ Ասում եմ.

- Չեմ փախել, տվել եմ, վերցրել ա, հետո եկել եմ, չկար։ Եթե փախնելու էի, ինչի՞ պիտի գրքույկը գետնին գցեի կամ եթե գետնին էի գցել, էլ ի՞նչ իմաստ ուներ փախնելը։

Էդ արգումենտը մեծահոգաբար անտեսվեց։ Իսկ էս կինը նայում ա աչքերիս մեջ ու ասում ա.

- Ուրեմն ես խաբում եմ, հա՞։

Ես էնքան լկտիություն չունեի, որ ասեի՝ հա՛, խաբում ես, վերջիվերջո՝ մեծ կին էր։ Բայց էդ պահին մի բան մեջս կոտրվեց։ Իմ համար նորություն չէր, որ մեծերը հաճախ խաբում են, բայց որ իրանց տարիքը չարաշահելով երեխային մեղավոր հանեն, նորություն էր ու զզվելի էր։

Կոմսոմոլի տոմսը վերադարձրին ու ամոթանքով տուն ուղարկեցին։ Իսկ մի երկու օրից դիմացի հարևանը դուռը ծեծեց, թե՝ քո մասին թերթում գրել են։ Գրել էին, որ էսինչ-էսինչյանը իր կոմերիտական տոմսը գցել ա գետնին ու փախել, ամո՛թ, հազա՛ր ամոթ։

Տղերքն ասեցին, որ թերթում իմ մասին էդ ամոթալի տողերը վատ նշան են, դա կարող ա ազդի իմ ապագայի վրա։ Բայց քանի որ ես կոմկուսի քարտուղար դառնալու մտադրություն չունեի, բանի տեղ չդրեցի։ Ու իսկապես, ապագայիս վրա չազդեց, որովհետև միառժամանակ անց ապագայի վրա ազդող հանգամանքը գլխիվայր շրջվեց, ու կոմսոմոլի տոմսը գետնին գցելը մոդա դարձավ։

Լենինն ասել ա՝ սովորե՛լ, սովորե՛լ և սովորե՛լ։ Հիմա ես արդեն երրորդ սովորել-ին եմ հասել, բայց տենց էլ չեմ հասկանում, թե ոնց կարող ա հասուն կինը երեխայի աչքերի մեջ նայելով ստի ու երեխային մեղադրի, երբ մեղավորն ինքն ա։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 354

Մեկնաբանություններ